Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:
Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:
Ֆրանսիացի Բալզացիները
Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.
* Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…
Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.
-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:
Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:
Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.
* Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:
Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:
* Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:
Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու: Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:
Բա իզո՛ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:
Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.
* Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն
օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմ` գնանք լուսինը գրավենք, տեսնենք` ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք:
Խորհրդականներն ուրախությունից ծափ են տալիս:
– Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:
– Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:
Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում
բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.
* Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:
Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:
* Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: – Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանել տվեք:
Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:
… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.
իրարանցում-Խառնաշփոթություն, խառնակություն.
նշմարել-դիտել, նկատել.
շվարել-շշկռել, մոլորվել.
աղետ-հրդեհ.
2. Համառոտ պատմիր, թե ինչպես էին բալզաթցիները եկեղեցին տեղից շարժում և այդ հատվածը վերնագրի՛ր:
3. Ինչպիսի՞ն էին բալզաթցիները:
Բալզաթցիները անխելք էին, միամիտ, տգեղ, բարձրահասակ և շվարած:
4. Պատմի՛ր գյուղի առաջնորդի մասին: