Posted in Uncategorized

Շունն ու Կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փնթփնթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

 

Քեռի Քուչին շատ միամիտ է։

Ուստա Փիսոն շատ խելացի է։

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s