Աֆրիկա, տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով (1,033 մլրդ) երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո։ Աֆրիկան կազմում է երկրագնդի տարածքի վեց տոկոսը և ցամաքային տարածքի 20,4 տոկոսը: Բնակչությունը կազմում է Երկիր մոլորակի բնակչության 15%-ը: Մայրցամաքը Եվրասիայից բաժանվում է հյուսիսում Միջերկրական ծովով, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով, հյուսիս-արևելքում՝ Կարմիր ծովով, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, Սուեզի ջրանցքով, Ադենի ծոցով։ Մայրցամաքի արևելքում Մադագասկար կղզին է, որը բաժանվում է մայրցամաքից Մոզամբիկի նեղուցով։ Մայրցամաքում կան 54 ճանաչված անկախ պետություններ և երկու դե ֆակտո պետություններ։
Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ, աֆրիկացիների 50%-ը ծնվել է 1991 թվականին կամ ավելի ուշ: Ալժիրը տարածքով ամենամեծն է մայրցամաքում, իսկ բնակչությամբ ամենամեծը Նիգերիան է։
Աշխարհագրական դիրք
Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է։ Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը: Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում)։ Նրա ծայրակետերն են. հյուսիսում՝ Էլ-Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում՝ Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում՝ Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում՝ Ռաս-Հաֆուն (Հաֆուն; արլ. երկ. 51°23’) հրվանդանները: