Հող, բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Ավազախառն կավահողերում անձրևորդերի կենսազանգվածը հասնում է 2,5 միլիոն առանձնյակի, կամ 1,2 տ՝ մեկ հեկտարին։ Բակտերիաների քանակը 1 գրամ հողում հաշվում են հարյուրավոր միլիոններով։ Անձրևների, հալչող ձյան ջուրը այն հարստացնում է թթվածնով և լուծում է հանքային աղերը: Լուծույթների մի մասը պահվում է հողում, մյուս մասը գետերի միջոցով տարվում է օվկիանոս: Հողը գոլորշիացնում է մազական անցքերով բարձրացող ստորերկրյա ջուրը։ Կատարվում է լուծույթների շարժում և առաջանում է աղերի նստվածք հողի տարբեր հորիզոններում։