Posted in 5-րդ Դասարան, Մայրենի, Բանաստեղծություններ, Ընթերցանություն

Իմ տերյանական ընթերցարան

1. ՀՈՐՍ

Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

2. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

3. Գիշերամութ

Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան…

Անհաս երկնքից ասեղ առ ասեղ
Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—
Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,
Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա…

Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,
Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,
Իրար է խառնում երազ ու վերհուշ
Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին…

Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,
Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,
Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող
Երբ հեկեկում ես անբարբառ բախտից…

4. Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ

Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…
Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…

5. ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

6. Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր


Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Արագածոտնի և Շիրակի մարզեր

Թալին

Քաղաքային համայնք Թալինի տարածաշրջանում։ Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել 1978թվականին։ 1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։ Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին։
Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության», Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։ 

Սուրբ Հովհաննես եկեղեցի

Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության առավել ուշագրավ և ինքնատիպ եկեղեցիներից է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ.: Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու VII դ. վերականգնմանը, և, ելնելով եկեղեցու ճարտարապետաշինարարական հատկանիշներից՝ ճարտարապետական հնավանդ ձևերից, եկեղեցին վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ V դ.: Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Աղոթասրահը քառանկյունի է: Եռաստիճան տրոմպների վրա բարձրանում է հսկա գմբեթը՝ ութանիստ թմբուկով: Խորաններից երեքը ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Մուտքերն արևմտյան և հարավային խորաններից են: Սկզբնապես կառուցված է եղել շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով, իսկ VII դ. նորոգվել է նարնջադեղնավուն քարերով: Եկեղեցին վերանորոգվել է X-XIII դարերում: Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ. քանդվել են եկեղեցու վերանորոգման ընթացքում:

Ս. Հովհաննես եկեղեցին հատկապես արժեքավոր է իր ներքին տարածության կատարյալ լուծմամբ: Ծավալների ներդաշնակությունը, լայնաթռիչք գմբեթն ու այն կրող հզոր տրոմպները ներսի տարածքին հաղորդում են վեհաշուք տեսք:

Եկեղեցու հարդարանքը՝ բարավորների հավասարաթև խաչերը, քերովբեների գծաքանդակները, զույգ թռչուններով խաչաքանդակը, կամարակապ պսակի վրա աղավնիների բարձրաքանդակները, բնորոշ է վաղ միջնադարյան (V դ.) հայ ճարտարապետությանը:

Մաստարայի եկեղեցու հատակագծով են կառուցվել նաև Արթիկի Մեծ եկեղեցին, Ոսկեպարի Ս. Աստվածածին, Հառիճավանքի Ս. Գրիգոր և Կարսի Ս. Առաքելոց եկեղեցիները: