Posted in 5-րդ Դասարան, Մայրենի, Բանաստեղծություններ, Ընթերցանություն

Իմ տերյանական ընթերցարան

1. ՀՈՐՍ

Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

2. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

3. Գիշերամութ

Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան…

Անհաս երկնքից ասեղ առ ասեղ
Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—
Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,
Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա…

Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,
Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,
Իրար է խառնում երազ ու վերհուշ
Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին…

Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,
Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,
Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող
Երբ հեկեկում ես անբարբառ բախտից…

4. Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ

Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…
Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…

5. ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

6. Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր


Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s