Posted in 5-րդ Դասարան, Հեքիթներ, Մայրենի

Ղազարոս Աղայան | Եղեգնուհի

Մի թագավոր է լինում, մինուճար որդի է ունենում: Երբ որդին մեծանում է, թագավորը նրան հարցնում է, թե ում հետ է ուզում ամուսնանալ, արդյոք ունի հավանած աղջիկ: Տղան ասում է, որ միտք չունի ամուսնանալու, իսկ եթե անգամ ունենա էլ, ապա դա պետք է լինի մի այնպիսի աղջիկ, որ հոր ու մոր ծնունդ չլինի: Թագավորն ասում է, որ նման բան լինել չի կարող, մինչդեռ տղան համոզված է, որ աստծու ձեռքին ամեն բան հեշտ է, նա քարերից էլ է մարդ արարում: Ամեն անգամ, երբ թագավորն ամուսնության մասին է խոսում, տղան ասում է, թե պիտի հոր ու մոր աղջիկ չլինի, ու այնպես հավատալով է ասում, որ թագավորն էլ է սկսում հավատալ, թե դա հնարավոր է ու սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ: Թագավորն ողջ աշխարհը ման է գալիս, բայց նման աղջիկ չի գտնում: Վերադարձին անտառում պատահում է մի ծերունու, նրան էլ է հարցուփորձ անում, և ծերունին ասում է, թե հարկավոր չէ հեռու գնալ, թագավորի քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդու ոտք դրած չկա, որովհետև այդ տեղը սուրբ է և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիներ կան: Թող գնա այնտեղ, ընտրի եղեգներից ամենագեղեցիկը, կտրի չբանեցրած դանակով, ձգի ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ: Թագավորը հետևում է ծերունու ասածին: Եղեգը դառնում է աղջիկ, բայց ջրից դուրս չի գալիս, քանի որ մերկ է: Թագավորը գնում է հագուստներ ու աղախիններ ուղարկելու: Աղջկա անունը դնում է Եղեգնուհի: Այս ընթացքում մոտերքում բնակվող մի թափառական սևադեմ բոշա աղջիկ է մոտենում Եղեգնուհուն, հարցնում նրա ով լինելը: Աղջիկն ասում է, որ ինքը թագավորի հարսնացուն է, շուտով կգան իր հետևից: Բոշան նրան խեղդում է, գցում գետը, ինքը մերկանում է, ընկղմվում ջրի մեջ, որ կարծեն թե նա է Եղեգնուհին: Աղախինները, տեսնելով սև աղջկան, չեն  հավատում, որ դա Եղեգնուհին է: Բայց բոշան ասում է, թե իբր իրեն արևն է սևացրել, և եթե իրեն պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կստանա իր նակխին գեղեցկությունը: Հավատում են, թագուհու հագուստ հագցնում և տանում ապարանք: Բոշա աղջիկը նույնն ասում է թագավորին և նրա որդուն: Նրան տանում են մի շուշաբանդ սենյակ, որ այնտեղ գեղեցկանա և մեծ պատվով պահում: Միայն տղան չի մոտենում նրան և զգում է, որ այստեղ չարի մատն է խառնված, մի խարդախություն կա: Օրեր են անցնում, բայց նորահարսը չի գեղեցկանում: Որքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում ինչպես սև սաթ, գիրանում է ու հաստանում խոզի պես: Թագավորի տղան գնում է գետի ափին զբոսնելու: Ձկնորսներին խնդրում է իր ուզած տեղը ուռկաններ ձգել, ուզում է բախտը փորձել: Մի հրաշալի ձուկ է դուրս գալիս, արծաթե, թևերը ոսկի: Տղան վարձատրում է ձկնորսներին, ու ձուկը տանում իր ծաղկանոցի ավազանը ձգում և այնուհետև նրա մոտից չի հեռանում: Բոշա հարսնացուն հասկանում է, որ Եղեգնուհին է դարձել ձուկ և բոլորին համոզում է, որ եթե ինքը ուտի այդ ձուկը, կգեղեցկանա: Փշերը տալիս է նաժիշտներին, իբր ուտեն գեղեցկանան, բայց մի փուշ ազատվում է նրանց բերանից և աղբի հետ պարտեզ ընկնելով մի մեծ ծառ դառնում, հրաշալի, մշտադալար, իսկ պտուղն էլ փունջ մարգարիտ: Թագավորի տղան հիմա էլ այդ ծառին է սիրահարվում, նրա հովանու տակ հաստատում իր բնակությունը: Բոշան դարձյալ գլխի է ընկնում, որ փուշն է ընկել այդտեղ, և խաբելով թագավորին՝ ծառը կտրել է տալիս, այրում բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստանում: Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռչում ու մի խեղճ պառավի տան հերթովն ընկնում է ներս: Պառավը դրանով ծածկում է մի բղուղի բերան: Պառավը աղքատ է, ամեն առավոտ գնում է սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյան գալիս տուն:: Այսպես հաջորդ օրը գնում է իր գործին, բղուղի խուփը տեղից թռչում է, դառնում մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի Եղեգնուհին, միայն այս անգամ պարզ ու սիրուն հագուստով զարդարված: Կերակուր է պատրաստում, տունը մաքրում, ամեն գործ անում, ու թաքնվում: Երբ պառավը գալիս է, զարմանում է, ուրախանում ու ցանկանում, որ ամեն օր իրեն այսպես լավություն անեն: Աղջիկը երևում է պառավին, դառնում է նրա աղջիկը, պառավն էլ՝ նրա մայրը: Խնդրում է պառավին իր մասին առայժմ հարցուփորձ չանել և այլոց էլ չպատմել, որ աղջիկ ունի: Ինքը տանը կմնա, պառավը թող իրեն կար ու գործ բերի, ինքը անի: Շուտով նրա հրաշալի կար ու գործի համբավը հասնում է մինչև թագավորի ապարանքը: Թագավորի տղան պառավին զանազան պատվերներ է տալիս, և երբ սա բերում է, տղան հիանում է աշխատանքով ու ցանկանում իմանալ, թե դա ով է արել: Պառավն ասում է, որ աղջիկ ունի, նա է կարում: Տղան ցանկանում է տեսնել նրան, բայց պառավը խնդրում է նախ աղջկանից հրաման ստանալ, որ նրա կամքով լինի: Տանը Եղեգնուհին  ասում է պառավին, որ տղային խնդրի՝ իր հոր, մոր ու հարսնացուի հետ հյուր գնան իրենց: Այդպես էլ անում են ու հիացած մնում Եղեգնուհու ընդունելության ձևերից, շարժմունքից, խոսքից: Թագավորը հասկանում է, որ սա Եղեգնուհին է, բայց լռում է: Տղան էլ սրտով է զգում, որ դա իր հարսնացուն է: Բոշան էլ ճանաչում է նրան ու անհանգստանում: Եղեգնուհին պատմում է իր պատմությունը որպես հեքիաթ՝ բացահայտելով սև բոշայի չարությունը: Թագավորը հրամայում է բոշային կապել մի ձիու պոչից և քարեքար սատկացնել, իսկ Եղեգնուհուն տանում են պալատ և յոթ օր ու գիշեր հարսանիք անում: Չարն այնտեղ՝ բարին այստեղ: 

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բազատրիր բառարանի օգնությամբ:

Անծանոթ բառեր չունեմ:

2. Դուրս գրիր քո ամենասիրած հատվածը, հիմնավորիր պատասխանդ:

Թագավորը հրամայում է բոշային կապել մի ձիու պոչից և քարեքար սատկացնել, իսկ Եղեգնուհուն տանում են պալատ և յոթ օր ու գիշեր հարսանիք անում: Չարն այնտեղ՝ բարին այստեղ: 

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև այս հատվածում՝ բարին հաղթում է չարին:

3. Նոր վերնագիր հորինի՛ր։

Եղեգնուհու պատմությունը

4. Ինչու՞ թագավորը իր տղային ամուսնացնելու համար աղջիկ չէր կարողանում գտնել։

Թագավորը իր տղային ամուսնացնելու համար աղջիկ չէր կարողանում գտնել, որովհետև թագավորի տղան ասաց, որ կամուսնանա միյայն այն պայմանով, որ իր հարսնացուն լինի առանց ծնողների:

5. Ինչպե՞ս է հայտնվում Եղեգնուհին։ Համառոտ գրի՛ր։

Թագավորի քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդու ոտք դրած չկա, որովհետև այդ տեղը սուրբ է և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիներ կան: Թող գնա այնտեղ, ընտրի եղեգներից ամենագեղեցիկը, կտրի չբանեցրած դանակով, ձգի ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ:

6. Բոշա աղջիկը ինչպե՞ս վարվեց Եղեգնուհու հետ։

Բոշան նրան խեղդում է, գցում գետը, ինքը մերկանում է, ընկղմվում ջրի մեջ, որ կարծեն թե նա է Եղեգնուհին:

7. Թագավորը ինչպե՞ս ճանաչեց Եղեգնուհուն։

Այդպես էլ անում են ու հիացած մնում Եղեգնուհու ընդունելության ձևերից, շարժմունքից, խոսքից: Թագավորը հասկանում է, որ սա Եղեգնուհին է, բայց լռում է: Տղան էլ սրտով է զգում, որ դա իր հարսնացուն է: Բոշան էլ ճանաչում է նրան ու անհանգստանում: Եղեգնուհին պատմում է իր պատմությունը որպես հեքիաթ՝ բացահայտելով սև բոշայի չարությունը:

8. Ի՞նչ սովորեցրեց քեզ հեքիաթը։

Հեքիաթը ինձ սովորեցրեց, որ ստի ոտը կարճ է և, որ բարին հաղթում է չարին: