Posted in 5-րդ Դասարան, Մայրենի, Բանաստեղծություններ

Վահան Տերյանի հիշատակին

I

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…

II

Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։

Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։

Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան…

III

Դու — լուսե, անցար ու չկաս։
Դու — թեթե, անմարմին, անծիր։
Դու ուրի՛շ խնդության երազ։

Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։

Եվ երբե՛ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում —
Քո կանթեղը — հեռո՜ւ կարոտի։

Posted in 5-րդ Դասարան, Մայրենի, Բանաստեղծություններ

Աշխատանքային երգեր

Ցորյանի ծովեր

Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Հունձք կը ժողվեմ…

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
― Վարդենին թաց է―
Ես կապեցի խաղերով,
― Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
― Կ՚երթա՜ լուսնակը―
Դեզերով լեռ եմ շինած,
― Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
― Յարըս յա՜ր ունի―
Քարեն լորիկը թըռավ,
― Լե՜րդըս կ՚արյունի:

Posted in 5-րդ Դասարան, Մայրենի, Բանաստեղծություններ

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

սազ – երաժշտական գործիք

հեզաճկուն – ճկուն

բար – պտուղ

հնամյա – հին

ջինջ – մաքուր

արևահամ – քաղցր

  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:

հեզաճկուն – հեզ + ճկուն

արյունաքամ – ուժասպառ

հին սազ – հայկական լարային երաժշտական գործիք

ողբանվագ լար – տխուր պատմություն

լուսապսակ – լուսավոր

արևահամ – քաղցր

բար – բերք, հատապտուղ

  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

հեզաճկուն – քնքուշ և ճկուն

բար – հատապտուղ

արևահամ – քաղցր

  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Ես ընտրել եմ այս քառատողը, որովհետև սա ամենահայրենասեր մասն է։

  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Posted in 5-րդ Դասարան, Մայրենի, Անծանոթ բառեր, Բանաստեղծություններ

Իմ Տերյանական բառարանը

1. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Անծանոթ բառեր

աննշմար-Անտես

Իրիկնաժամ-երեկո

ուրու-Մեռելի ոգի

Արձակ- ազատ

ամայություն-դատարկություն

շշնջալ- ցածր ձայնով խոսել

նիրհել-քնել

արտ-խոտ

հեռաստան-վայր

դժկամ-անտրամադիր.

2. ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

Posted in 5-րդ Դասարան, Մայրենի, Բանաստեղծություններ, Ընթերցանություն

Իմ տերյանական ընթերցարան

1. ՀՈՐՍ

Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

2. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

3. Գիշերամութ

Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան…

Անհաս երկնքից ասեղ առ ասեղ
Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—
Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,
Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա…

Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,
Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,
Իրար է խառնում երազ ու վերհուշ
Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին…

Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,
Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,
Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող
Երբ հեկեկում ես անբարբառ բախտից…

4. Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ

Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…
Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…

5. ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

6. Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր


Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։